Արդեն չորս տարի գոյություն ունենք առանց քեզ;
Թեև օր ու գիշեր քեզ հետ եմ, բայց էլ բառեր չե՛մ գտնում, էլ ի վիճակի չե՛մ հասկանալու, թե ինչու՛ այսպես եղավ։
Դու, որ այդքան խելացի էիր, ինչու՞ ընտրեցիր այդ ճամփան։ Կարող էիր, չէ՞, համալսարանն ավարտելուց հետո ծառայել բանակում։ Մանավանդ, կանխազգացել էիր, որ պատերազմ է լինելու ու լինելու է այն, ինչ եղավ։ Ցավոք, մենք այդ մասին ուշ իմացանք:
Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը։
Ոչ միայն այն պատճառով, որ դու իսկապես ուրիշ էիր, այլ այն բանի համար, որ դա կարելի էր կանխել։ Դու կյանքդ նվիրաբերեցիր չարաբաստիկ 2020 թվականի հոկտեմբերի 19-ից հետո․․․ երբ դավադրաբար մերժվել էր պատերազմը կանգնեցնելու առաջարկը։
Հազարավոր նահատակների ծնողներ ու հարազատներ են իրենց պատեպատ տալով սպասում մեղավորների արդար դատաստանին։ Ես նրանց թվում եմ:
Դավիթս, հզորս, կներես:
Դու արժանի չէիր դրան:
Դու բոլորովին այլ ճանապարհ պիտի անցնեիր ու այլ հաղթանակներ արձանագրերիր:
Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ